Սևանա լիճ, Դիլիջան, Հաղարծին

Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ձեր Անունը*
Էլ.փոստի Հասցե*
Ձեր Հարցը*

Տուր փաթեթներ ամրագրելու և առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել մեր գրասենյակ, հասցե՝ ք.Երևան, Մաշտոցի պողոտա, 39/12 շենք: Հարցերի դեպքում զանգահարեք մեզ:

(+374- 10) 56 38 09

(+374-91/93) 56 38 09

Տուրի տևողությունը՝ 6-7 ժամ
Նկարագրություն

Ուղղությունը

Երևան – Սեւանա լիճ – Սևանավանք – Դիլիջան – Հաղարծին – Երևան

Հեռավորությունը

120 կմ

Տևողությունը

6-7 ժամ

Տրանսպորտը

Ուղևորափոխադրումներն իրականացվում են հարմարավետ ավտոմեքենաներով (Sedan, Minivan), որոնք հագեցած են A/C, GPS, Wi-Fi համակարգերով:

Սևանա լիճ / Սևանա լիճը Հայաստանի ամենամեծ լիճն է: Լճի քաղցրահամ ջուրը հանդիսանում է երկրի ջրային պաշարների առաջին և անգնահատելի աղբյուրը: Լիճը կազմված է Մեծ Սևանից` խորությունը մինչև 58.7 մետր, հայելու մակերեսը` մոտ 1032 քառակուսի կիլոմետր, և Փոքր Սևանից` խորությունը մինչև 98.7 մետր, մակերեսը` 383 քառակուսի կիլոմետր: Սևանա լճի հայելու ընդհանուր մակերեսը մոտ 1416 քառակուսի կիլոմետր է: Լիճը սնվում է 28 գետի և երկու խոշոր աղբյուրների հոսքերով, լճի հայելու վրա մթնոլորտային տեղումներով ու ստորերկրյա ջրերով: Սևանա լճից սկիզբ առնող միակ գետը Հրազդանն է:

Սևանավանք / Հիմնադրվել է 305 թ., երկու եկեղեցիները՝ 874 թ.: Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IXդ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։ 874թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը` Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի` Առաքելոց (փոքրը) և Աստվածածին։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը` գրված 874թ.-ին։ Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Աստվածածին եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.): Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության Պետական Թանգարանում և Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք իրավամբ հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։ Բլրագագաթի վրա պահպանվել են գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցու (կառուցվել է հավանաբար ավելի ուշ) մնացորդներ։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-57թթ.-ին եկեղեցիները վերանորոգվել են։

Դիլիջան / Դիլիջան առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում։ Դիլիջանին բնորոշ է մեղմ, լեռնա-անտառային չափավոր զով ամառը, արևաշատ տաք ձմեռը, ամբողջ տարվա ընթացքում չոր և տաք եղանակը։ Դիլիջանի տարածքում 19-րդ դարի 70-ական թվականներին կատարված հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ այստեղ մարդը սկսել է ապրել ուշ բրոնզե և վաղ երկաթե դարերից (մթա 2-րդ հազարամյակի վերջ- 1-ին հազարամյակի սկիզբ)։ Իր բնակլիմայական պայմաններով Դիլիջանը եզակի բնակավայրերից է: Քաղաքի չքնաղ բնապատկերը լրացուցիչ դրական ներգործություն է ունենում հանգստացողների վրա: Դիլիջան առողջարանային քաղաքի բնական արժեքվոր հարստություններից է անտառը, որը կազմում է 34000 հեկտար տարածք։

Հաղարծին վանքային համալիր / Հաղարծին վանքային համալիրը գտնվում էր պատմական Ձորափոր գավառում (այժմյան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս)։ Հաղարծինի ուսումնագիտական կենտրոնը հիշատակվում է XIIIդ. առաջատար մշակութային օջախների շարքում (Կոստանդին Դ Բարձրբերդցի, Ստեփանոս Օրբելյան)։ Հաղարծինը սկսել է ծաղկել XIIIդ. 30-ական թվականներից` Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Մինչ այդ, վանքը երկար ժամանակ ամայացած էր։ Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, նրա կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը ավերված է), սեղանատունը, մի քանի աղոթարաններ, խաչքարեր և այլն։ Ամենահինը` Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.), որը խաչաձև-գմբեթավոր կառույց է, չորս անկյուններին ավանդատներով (արևելյան երկուսը առանձնացված չեն աղոթասրահից)։ Ս.Գրիգորին արևմուտքից կից է 4 սյուներով մեծ գավիթը, որը XIIդ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը։ Գավթի անկյունային միահարթ առաստաղների բարձրաքանդակներին (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ և այլն, նաև փոքրիկ արձանագրություններ) բնորոշ է XIIIդ. հայկական քանդակի սխեմատիզմը: Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանա-դամբանների մնացորդներ: Ս.Գրիգորին հյուսիսից կից է թաղակապ մատուռ, իսկ արևելյան մասում շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից 1244թ.-ին կառուցված Ս.Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին:

Քարտեզ
Լուսանկարներ