Խոր Վիրապ, Նորավանք

Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ձեր Անունը*
Էլ.փոստի Հասցե*
Ձեր Հարցը*

Տուր փաթեթներ ամրագրելու և առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել մեր գրասենյակ, հասցե՝ ք.Երևան, Մաշտոցի պողոտա, 39/12 շենք: Հարցերի դեպքում զանգահարեք մեզ:

(+374- 10) 56 38 09

(+374-91/93) 56 38 09

Տուրի տևողությունը՝ 6-7 ժամ
Նկարագրություն

Ուղղությունը

Երևան – Խոր Վիրապ վանք-ամրոց – Նորավանք – Երևան

Հեռավորությունը

135 կմ

Տևողությունը

6-7 ժամ

Տրանսպորտը

Ուղևորափոխադրումներն իրականացվում են հարմարավետ ավտոմեքենաներով (Sedan, Minivan), որոնք հագեցած են A/C, GPS, Wi-Fi համակարգերով:

Խոր Վիրապ վանք-ամրոց / Խոր Վիրապ վանք-ամրոցը գտնվում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, բլրի վրա։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ։ Հնում այստեղ է եղել պատմական Արտաշատ քաղաքը, իսկ Խոր Վիրապի բլուրներին՝ միջնաբերդը։ Ներկայիս վանք-ամրոցի տեղում եղել է արքունի բանտը։ Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի և այլ պատմիչների, Գրիգոր Լուսավորիչը այս վիրապում է կրել իր չարչարանքները։ 642թ-ին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ: Մատուռը իր կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել Զվարթնոցին։ Ավերված շինության տեղում 1662թ.-ին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչ օրս։ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցը ուղղաձիգ աստիճանների (ներկայիս՝ մետաղյա) միջոցով տանում է ներքնահարկ, ուր 4,4մ տրամագծով, 6մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է։ Պահպանվել է նաև բրգավոր պարիսպը, որի պատերի երկայնքով տեղադրված են սեղանատուն, խուցեր և այլ օժանդակ վանքային կառույցներ։ Պարսպից ներս, կենտրոնում, Ս.Աստվածածին գլխավոր եկեղեցին է, որին արևմուտքից կից է զանգակատունը։ Եկեղեցին կառուցվել է XVIIդ. վերջին, արտաքինից գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։ Խոր Վիրապի վանքը եղել է դպրության կենտրոն. XIIIդ. ունեցել է վարդապետարան՝ մոտ 40 աշակերտով։

Նորավանք / Նորավանքը գտնվում է Ամաղու գյուղից 3կմ հյուսիս-արևելք, անդնդախոր կիրճի դժվարամատչելի դարավանդի վրա։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում: Այդ ժամանակշրջանից հայտնի է Ս.Փոկաս եկեղեցին, որը գտնվել է վանքի այժմյան տարածքում: Եկեղեցու բեմի տակից աղբյուր է բխել, որն ունեցել է բուժիչ հատկություն: Նորավանքը XIIIդ. սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ XIIIդ. 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIVդ. 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։ Վանքի պարսպապատ տարածքում են Ս.Կարապետ գլխավոր եկեղեցին, նրան արևմուտքից կից՝ գավիթը, հյուսիսից՝ Սմբատ իշխանի դամբարանը։ Կառույցների գլխավոր խմբից հարավ-արևելք Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին է։ Արևմտյան կողմում պահպանվել են նաև առանձին շենքերի մնացորդներ, պարսպապատ տարածքից արևելք՝ կոպտատաշ քարից կառուցված երկու մատուռներ և այլ շենքերի հիմնապատեր։ Համալիրի գլխավոր Ս.Կարապետ եկեղեցին կառուցել է իշխան Լիպարիտ Օրբելյանը 1216-1223թթ.-ին։ Այն ներքուստ քառաթև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է։ Միակ մուտքը արևմուքից է և բացվում է դեպի կից գավիթը, որը եղել է Օրբելյան տոհմի և վանքի առաջնորդների տապանատունը։ Գավիթը կառուցվել է թերևս եկեղեցու ավարտից անմիջապես հետո։ Գավիթը 1261թ.-ին, Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ, վերակառուցել է Սիրանես ճարտարապետը։ Հետագայում՝ 1321թ.-ի երկրաշարժից կառույցը կրկին վնասվել է։ Ամենայն հավանականությամբ վերակառուցումն իրականացրել է Մոմիկը, որը նոր էր ավարտել Արենիի եկեղեցին։ Գլխավոր եկեղեցու հյուսիսային պատի երկայնքով ձգվում է Սմբատ իշխանի թաղածածկ դամբարանը՝ Ս.Գրիգոր եկեղեցին (կառուցել է ճարտարապետ Սիրանեսը 1275թ.-ին)։

Քարտեզ
Լուսանկարներ